DiscoverԵրգխոսություն
Երգխոսություն
Claim Ownership

Երգխոսություն

Author: Զառա Տոնիկյան

Subscribed: 21Played: 188
Share

Description

Միացրու ականջակալդ, պատրաստվիր զարմանալու, զվարճանալու և նորը բացահայտելու։ Դասականից մինչև քանթրի, ջազից մինչև K-pop․ այս ամենը հանդիպելու է մեկ տեղում։ «Երգխոսությունը» երաժշտական ճաշակների բացահայտման, համեմատականների անցկացման և հանրահայտ երգերի ընկալման մասին նոր լեզու է։
Միացիր մեր ձայնային ճամփորդությանը։
66 Episodes
Reverse
Գարուն ա

Գարուն ա

2025-04-2216:24

Ամեն անգամ երբ հնչում է «Գարուն ա» երգը, ինչ-որ բան սրտում շարժվում է. կարծես մեղեդին ոչ միայն երգ է, այլ հիշողություն, որով անցյալն ու ներկան հանդիպում են առանց բառերի։ Այս երգը շատերի համար վաղուց արդեն սոսկ երաժշտություն չէ։ Այն ասոցացվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրերի հետ, թախծի, լռության ու հոգու խռովքի հետ։ Սակայն երգը՝ Կոմիտասի գրառմամբ ու մշակմամբ, իրականում սիրային  է՝ գարնան, սիրո, սպասման ու քնքշանքի մասին։ Գարունն այստեղ պարզապես եղանակ լինելուց զատ դառնում է հոգեվիճակ ՝ զարթոնքի, ապրելու ու սիրելու խորհրդանիշ։Եվ հենց այս բազմաշերտության վրա էլ կառուցվում է մեր երգխոսությունը։Կոմիտասագետ  Տաթևիկ Շախկուլյանը բացահայտում է, թե  ինչպես է Կոմիտասը այս երգով  միավորել իր հոգևոր և գիտական որոնումները։ Երգի ժամանակակից կատարումներն արդեն վաղուց դուրս են եկել ակադեմիական սահմաններից։ Արթուր Աթայանը՝ Ցայգ խմբի ղեկավարը, պատմում է՝ ինչու որոշեցին երգին հաղորդել նոր շունչ, ինչու չեն վախեցել էլեկտրոնային ու ռոք տարրերից, ու ինչպես են պահել երգի ամբողջական մեղեդին՝ չխախտելով դրա էությունը։ Իսկ Հայկ Դարբինյանի պատմությունը բոլորովին այլ է։ Նա պրոֆեսիոնալ երգիչ չէ, և հենց այդ պատճառով էլ նրա կատարումը զարմանալի անկեղծություն է կրում։ Նրա համար «Գարուն ա»‐ն կապված է անձնական հուշերի, սիրո,ներքին խաղաղության հետ։ Ու այս զրույցը՝ Տաթևիկի, Արթուրի ու Հայկի հետ,ևս մեկ անգամ կհամոզի բոլորիս, որ «Գարուն ա»‐ն երբեք նույնը չէ։ Ամեն անգամ այն ուրիշ գարուն է, ուրիշ սեր, ուրիշ հույզ։ 
Այս էպիզոդում զրուցելու ենք «Կայթ» նվագախմբի ստեղծագործական աշխարհի մասին․ մի նախաձեռնության, որը ժամանակակից լեզվով է խոսում հայկական ավանդական երգերի, ծեսերի և մշակույթի մասին։ Նրանց երաժշտությունը փորձ է ոչ թե պարզապես վերակատարելու հինը, այլ հասկանալու և վերակենդանացնելու այն՝ ժամանակակից զգացողությամբ։«Կայթն» աշխատում է տարբեր շրջանների ժողովրդական երգերի ու պարային մեղեդիների հետ՝ բացահայտելով դրանց ներքին ռիթմը, շարժումն ու խորքային իմաստը։ Այս գործերում կարևորվում է ոչ միայն հնչողությունը, այլև պատմությունը, ծիսական շերտերը և այն հավաքական հիշողությունը, որը փոխանցվում է երաժշտության միջոցով։Էպիզոդի հյուրերն են «Կայթ» նվագախմբի անդամներ Կորյուն Դավթյանը և Գրիգոր Դավթյանը։ Նրանց հետ խոսելու ենք իրենց գործունեության, թողարկված ալբոմների, ստեղծագործական մոտեցումների և այն մասին, թե ինչու է այսօր կարևոր ունենալ նման ձևաչափի նախաձեռնություններ, որոնք ապահովում են հայկական ավանդական մշակույթի կենդանի ու արդիական շարունակությունը։
Ամանորն այն բացառիկ տոնն է, որն ունի իր հստակ գույնը, բույրը և, որ ամենակարևորն է՝ ձայնը։ Յուրաքանչյուրիս հիշողության մեջ Ամանորի հրաշքը սկսվում է մի երգից, որը տարիներ շարունակ փոխանցվել է սերնդեսերունդ՝ դառնալով մեր տոնական իրականության անբաժան մասը։ Բայց հրաշքն այն է, որ այդ երաժշտական պատմությունը երբեք կանգ չի առնում. հին ու սիրված մեղեդիների կողքին ծնվում են նորերը, որոնք գալիս են լրացնելու մերօրյա հեքիաթը։Այսօր մենք խոսելու ենք հենց այդ հրաշքի, երգի ստեղծման խորհրդի և այն ջերմության մասին, որը երաժշտությունը բերում է մեր տուն։Տոնական «Երգխոսության» հյուրերն են Երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանը և Լիլի Առաքելյանը՝ Yellowheart-ը։ Մանեն իր հետ բերել է Արթուր Գրիգորյանի թողած անգնահատելի ժառանգությունը՝ և՛ երգերի, և՛ հուշերի տեսքով, ինչպես նաև թատրոնի այսօրվա կախարդական շունչը։ Իսկ Yellowheart-ը կպատմի իր ամանորյա երգերի մասին, որոնք վերջին տարիներին դարձել են հայկական Ամանորի նոր ու ամենասպասված խորհրդանիշներից մեկը։
Այս «Երգխոսությունը» բացում է հայ երգարվեստի այն շերտը, որտեղ հեղինակային ստեղծագործությունը շփվում է ժողովրդական մտածողության հետ։ Մենք դիտարկում ենք երգեր, որոնք ունեն հստակ հեղինակ, բայց իրենց կառուցվածքով ու հնչողությամբ միահյուսվում են ավանդական տոնայնությանը, լեզվին կամ ռիթմին։ Ժամանակակից հեղինակները հաճախ առաջարկում են նոր դիտանկյուններ՝ ձևակերպելով այն զգացողությունները, որոնք շրջապատում են մեզ, բայց միշտ չէ, որ ունենք արտահայտելու հարմար բառեր։Այս թեմայի կենտրոնում է Արթուր Ալեքը՝ երաժիշտ, որի ստեղծագործական ճանապարհը անցնում է ինչպես ավանդական երգի, այնպես էլ նոր հնչողության միջով։ Ալեքը լսարանին հայտնի է «Ծովերում», «Ճյուղերեն», «Ես ու դու» և այլ աշխատանքներով։ Վերջին շրջանում նրա ներկայացրած «Մութ սարերից» երգը առանձնացել է զգացմունքային տեքստով ու մթնոլորտով՝ շոշափելով կորստի, սպասման և անձնական հիշողության թեմաները, որոնք հնչում են շատերի համար նույնքան ժամանակակից, որքան անձնական։Երգը նոր շերտ է ստացել նաև բեմում։ Բեմադրիչ և դերասան Անդրանիկ Միքայելյանը «Լակոտը» ներկայացման շրջանակում օգտագործել է «Մութ սարերիցը»՝ որպես գործողության առանցք։ Նրա աշխատելաձևը ցույց է տալիս, թե ինչպես կարող է նույն երգը բեմական տարրի մեջ բացել լրիվ այլ իմաստներ, հանդես գալ որպես շարժիչ ուժ ու ամբիոն հուզական շեշտադրումների համար։Այս էպիզոդում Երգխոսելու ենք Արթուր Ալեքի և Անդրանիկ Միքայելյանի հետ՝ ուսումնասիրելով, թե ինչ ժանրային ու իմաստային ենթաշերտեր է բացում նույն երգը տարբեր միջավայրերում, ինչպես է երաժշտությունը ստանում նոր կյանք բեմում, և ինչու որոշ հեղինակային գործեր դառնում են ժամանակակից մշակույթի ընդհանուր լեզվի մասը։
Խամխամա

Խամխամա

2025-11-2421:07

«Խամխամա»-ն, կամ, ինչպես շատերին է հայտնի, «Խըմ-խըմա»-ն, ոչ միայն երգ է, այլև ավանդական պարերգ, որի արմատները ձգվում են մինչև պատմական Հայաստանի Վասպուրական նահանգ։ Այն պատկանում է «երկու գնալ, մեկ դառնալ» պարերի աշխույժ ընտանիքին և իր մեջ կրում է սիրո, հիացմունքի ու երիտասարդական խենթության անմիջական ոգին։ Այս երգը մարմնավորում է այն մշակութային տոկունությունը, որի շնորհիվ Ցեղասպանությունից հետո Վանից Ֆրեզնո հասած գաղթականները պահպանեցին իրենց արմատները՝ փոխանցելով այն սերնդեսերունդ։Այս Երգխոսությունը լինելու է այն մասին, թե ինչպես կարող է նույն մեղեդին միաժամանակ լինել հին ավանդույթի կրողը և նոր ժամանակների ամենաթրենդային հիթը։Երգխոսությունը «Կաթիլ» և «Կայթ» խմբերի փողային գործիքների կատարող Գրիգոր Քարտաշյանի և «Արիստոկրատ Օրկեստր»-ի պրոդյուսեր և այս դեպքում՝ նաև կատարող Անդրանիկ Ղազարյանի հետ է։ Նրանք պատմեցնում են խմբերի մոտեցման, հնագույն մեղեդուն միանգամայն նոր կյանք տալու մասին։
Ավերակ

Ավերակ

2025-11-0920:06

Էլվինա Մակարյանի «Ավերակ»-ը ծնվել է ցավից և դարձել մի ամբողջ զգացմունքային պատմություն։ Երգի խոսքերի հեղինակը Հովհաննես Շիրազն է՝ բանաստեղծ, որը կարողացավ իր անձնական կարոտը վերածել համազգային զգացմունքի։ Նրա տողերում՝ «Դու՝ Երևան, ես՝ մի Անի», սիրո կորուստը խառնվում է հայրենի քաղաքի ցավին և այդ միաձուլմամբ ստեղծել է մի բանաստեղծություն, որը ապրում է բոլոր ժամանակներում։Այսօր երգը նոր շունչ է ստանում տաղանդավոր երաժիշտների շնորհիվ։ Լիլիթ Մուրադյանն ու Լիլա Հովհաննիսյանը փորձել են պահպանել Էլվինայի թողած էներգետիկան, բայց միաժամանակ բերել են նոր հնչողություն՝ ավելի ժամանակակից, բայց նույնքան խորը։ Նրանց ձայների մեջ հին ցավը նորից է ծնվում՝ ապացուցելով, որ իսկական արվեստը չի ծերանում, այն պարզապես փոխում է ձևը։
Այս էպիզոդում պատմում ենք «Հալա հալա Նինոյէ» երգի ճանապարհի մասին՝ Դիարբեքիրից մինչև մեր օրերը։ Երգը համարվում է հայկական ժողովրդական երգ, որը փոխանցվել է սերնդեսերունդ՝ պահպանելով տարբեր տարածաշրջանների բարբառների յուրահատկությունները։ Երգը հայտնի է նաև Քեսաբի և Մուսա Լեռան տարբերակներով, սակայն Տիգրանակերտից եկող տարբերակը առանձնանում է իր ավելի կենդանի ռիթմով և ուրախ հնչողությամբ։Երգը լայնորեն հայտնի է դարձել Օնիկ Դինքջյանի շնորհիվ՝ լեգենդար ամերիկահայ երգիչ, որի նախնիները Տիգրանագետից էին։ Նրա շնորհիվ «Հալա հալա Նինոյէ»-ն պահպանվեց և փոխանցվեց ժամանակակից սերունդներին։ 2017 թվականին երգը նոր կյանք ստացավ Վիգեն Հովսեփյանի կատարմամբ․ երգը պետք է դառնար նրա նոր ալբոմի գլխավոր ստեղծագործություններից։ Այս տարբերակը ձայնագրվել էր՝ միաժամանակ հարգանքի տուրք լինելով Տիգրանագետի մշակույթին և խորհրդանշելով հայկական ոգու դիմադրությունը ժամանակի ու պատմության փորձություններին։Այսօր «Հալա հալա Նինոյէ»-ն ունի նաև նոր՝ ժամանակակից մեկնաբանություն․ այն կատարում է Ռութլայն խումբը, որը երգին տվել է արդիական հնչողություն՝ պահպանելով դրա բնիկ ոգին։ Այս տարբերակում լսելի են ժամանակակից գործիքավորում, ռիթմիկ շեշտադրումներ և հնչողության թարմ մոտեցում, որը միավորում է անցյալն ու ներկան։Էպիզոդի հյուրերն են՝ երգիչ Վիգեն Հովսեփյանը եւ Ռութլայն բենդի անդամներ՝ Անի Սարգսյանն ու  Հարութ Ասատրյանը, որոնք կպատմեն երգի իրենց ընկալման, նոր տարբերակի ստեղծման ու ժողովրդական երաժշտությունը ժամանակակից ձևով ներկայացնելու փորձի մասին։
Խիո խանե

Խիո խանե

2025-10-0921:44

«Խիո խանե» երգը իր ակունքներով գալիս է ժողովրդական երգարվեստից։ Այն ավանդաբար կատարվել է տարբեր միջավայրերում՝ գեղջկական հարսանեկան արարողություններից մինչև համերգային բեմեր։ Տարիների ընթացքում երգը վերապրել է բազմաթիվ մշակումներ․ յուրաքանչյուր կատարող իր գույնն ու հուզական շերտն է ավելացրել, ինչի շնորհիվ այն պահպանում է թե՛ հին ավանդական շունչը, թե՛ ժամանակակից երաժշտական թարմությունը։Այս էպիզոդում փորձել ենք բացել հենց այդ շերտերը։ Հյուրերն են Տիեզերք խմբի արտիստներ Լուսինեն և Էլիզան, ինչպես նաև երգիչ Ապո Սահակյանը։ Նրանք կպատմեն իրենց կատարումների ու մշակումների մասին, կկիսվեն այն զգացողություններով, որ ունեն երգը ներկայացնելիս, և կխոսեն, թե ինչպես է «Խիո խանե»-ն ապրում ու փոխվում տարբեր բեմերում։Էպիզոդը ոչ միայն երաժշտական զրույց է, այլև հնարավորություն՝ վերապրելու երգի էմոցիոնալ լիցքը, զգալու, թե ինչպես է այն կապում մեզ մեր արմատների և ժամանակակից հնչողության հետ։
Մշո գորանի

Մշո գորանի

2025-07-2120:57

«Մշո գորանին»․ կարոտ, հող, ջուր, երաշտ և մարդիկ, հեռացող մարդիկ։ Մարդիկ, որոնք գնացել են՝ Մուշից, Ալաշկերտից, բայց երգը մնացել է։ Մնացել է որպես հիշողության ելևեջ, որպես ձայն, որով կանչում ենք ինչ-որ մեկին, ինչ-որ բան, որ այլևս չկա, բայց  հավատում ենք, որ կվերադառնա։Սա սոսկ հին երգ չէ։ Սա հող է, որի վրայով քայլում են բառերը։ Ամեն տողում մի կորուսյալ գյուղ կա, մի լեռ, մի բերք, մի մարդու պատմություն։ «Մշո գորանի»-ն տարբեր ժամանակներում հնչել է տարբեր կերպ՝ տխրությամբ, որպես ձոն, սեր, աղոթք։ Երգել են դուդուկով, երգել են դաշնամուրով, երգել են ռոքի տեմպով։ Բայց ամեն անգամ՝ ներքին լռությամբ, որով փոխանցվում է մի ճշմարտություն՝ սա մերն է։ Սա այն է, ինչից հրաժարվել չենք կարող։Այսօր այդ երգին նոր շունչ են տվել տարբեր երաժիշտներ՝ յուրովի, բայց զգալով նույն խորությունը։  «Ոստան Հայոց» խմբի կիթառահար Դավիթ Մուշեղյանի, Մաշա Մնջոյանի և «Արրավիս» խմբի դաշնակահար Ավետը Ղլիջյանի հետ ԵՐԳխոսելու ենք Մշո Գորանի երգի մասին։
Ծաղկած բալենին պատկեր է, որն ամփոփվում է հուշի, սպասման, հուզմունքի մեջ։Երգում գարունն է՝ իր բոլոր՝ սիրտ տրոփող զգացմունքներով։ Երգում աղջնակ է՝ իր ներքին լռությամբ, թաքուն դողով, հուզմունքով ու սպասմամբ։ Երգը տարիներ շարունակ անցել է սերնդե սերունդ, և ամեն անգամ  լսվել է այնպես, կարծես առաջին անգամն է։ Խաչատուր Ավետիսյանի մեղեդային թևերով հյուսված, Լյուդվիգ Դուրյանի  մեղմությամբ հնչեցրած երգը չի բղավում սիրո մասին, բայց ապրեցնում է այն։Հարսի նման լուռ կանգնած ծառի պատկերով սկսվում է պատմությունը։ Մենք քայլում ենք դեպի նրա ստվերը՝ կարծես ներս մտնելով մի աշխարհ, որտեղ խոսքերն աննշան են դառնում, երգը՝ շունչ, սրտի թրթիռ։Երգչուհի Արփին, որի ձայնը բալենու պես մեղմ է, բայց հզոր արմատներով, և Արթուր Արմենի՝ KAMI Friends նախագծի գործիքավորողը, որը նորից բացել է այս երգի շունչը՝ փողային գործիքավորման զուսպ փայլով, Երգխոսելու են այս երգի իրենց մշակման և մասին։
Երգը, որ մեզ հայտնի է որպես «Հայաստան իմ չքնաղ», ի սկզբանե գրվել էր՝ «Ղարաբաղ իմ չքնաղ» վերնագրով։ Բայց ստեղծումից անմիջապես հետո՝ Ղարաբաղը փոխարինվեց Հայաստանով։Խաղաղ, բայց կարոտով. այս երգը ծնվել է մի ժամանակ, երբ բառերը միայն բառեր չէին․ դրանք մշակութային և անձնական համարձակության նշաններ էին։ Երգը նոր անուն ստացավ, բայց երբեք չկորցրեց իր սիրտն ու էությունը։ Այն դարձավ շատերի պատանեկության, սպասումների, ուժի ու կարոտի երգը։Այս էպիզոդում Երգի կատարողներ Գայանե Հովհաննիսյանի, Ռուսլան Էլյազյանի և Խաչիկ Բեկյանի հետ ԵՐԳխոսում ենք այն ամենի մասին, ինչ փաթեթավորված է այս մեղմ մեղեդու տակ՝ երգի անցած ճանապարհը, փոխված բառերը, բեմական հույզերը և սերունդների տարբեր մեկնաբանությունները։
Հրաշքով հյուսված բանավոր ավանդույթ, երգով պատմված կենցաղ, սեր, խանդ ու հումոր։ Այս էպիզոդը ժողովրդական ամենասիրելի խաղերգերից մեկի՝ Բոբիկ ջուր մի էրայի մասին է, որտեղ բառերը խաղում են զգացմունքների, իսկ մեղեդին՝ հիշողության հետ։Երգը տարիների ընթացքում ունեցել է մի շարք վերամշակումներ ու նոր դրսևորումներ՝ ռեպի, փանկի, ֆոլկի միջոցով հասնելով մեր օրեր։ Դրանցից է նաև «Հայ Ստուդիոյի» խմբի և Դավիթ Միրոյանի տարբերակը։ Երգը, նրանց մոտ, ձեռք է բերել բիթային, ժամանակակից հնչողություն՝ պահպանելով իր արմատային կառուցվածքը։ Այս Երգխոսությունը Խմբի անդամներ Սոնա Սիլվերի, Առնի Ռոքի և Հայկ Ապրիկոտայի հետ է։
Քիսմեթ

Քիսմեթ

2025-06-0718:35

Երբ սիրո ցավը դառնում է երգ, իսկ սպասումը՝ մեղեդի, ծնվում է մի ամբողջ աշխարհ՝ փխրուն, խորաթափանց, անկեղծ։ Եվ հենց այդ աշխարհից է գալիս համշենական «Քիսմեթ»-ը, ղսմաթը, կամ արևելահայերեն տարբերակով՝ հաջողությունը։Այս երգում սերը չի ճչում, այն երգվում է կամաց, աչքերի լեզվով։ Այստեղ սերը չի խոստանում մեծ բաներ՝ պարզապես ասում է. «Հարսանիքը հետո կանենք…», որովհետև կարևորը՝ հիմա սիրելն է։ Սիրո այս տեսակը համարձակ, անձնվեր ու մի քիչ ցավոտ է։Հենց այս զգացողություններն են բերում մեզ այսօրվա երկու տարբեր կատարումները՝ մեկը՝ խոնարհ ու հոգեթով, մյուսը՝ հոսող, խաղացող ու ժամանակակից։ Առաջինը՝ Վազգեն սարկավագի կատարումն է։ Վազգենի ձայնային մեկնաբանությունը կարծես մի պատմություն է մարդու մասին, որ սպասում է, սպասում է սիրո, միևնույն ժամանակ գիտի՝ այդ սերը կարող է երբեք էլ չգա, բայց նա չի դադարում սիրել։ Մյուս տարբերակը՝ Էթնո Քալըրս խմբի մեկնաբանությունն է։ Նրանց մոտ «Քիսմեթ»-ը միանգամայն այլ երանգ ունի։ Դա նույն պատմությունն է, բայց մի ուրիշ ժամանակագրությամբ՝ ռիթմով, խաղով։ Այս կատարման մեջ երգը զրկված չէ զգացմունքայնությունից, բայց կրում է ներկայի շունչը։ Այստեղ էլ կա կարոտ, այստեղ էլ կա սեր, բայց սա այն տեսակն է, որ ասում է՝ «արի պտտվենք աշխարհով, երգելով թռվռանք սար ու ձոր»։ Այս տարբերակը կենսախինդ է, կենսատու, հիշեցնում է, որ նույնիսկ ցավը կարող է երգել ու ապրեցնել։ Գուցե այս երգի իրական ուժը հենց այս բազմաշերտության մեջ է, որովհետև «Քիսմեթ»-ը ոչ միայն բախտի, այլև սրտի երգ է, սիրտն էլ հազար ձև ունի խոսելու։ Իսկ մենք կերգխոսենք Վազգեն սարկավագի և Էթնո Քալըրս խմբի մենակատար Սուսաննա Նաջարյանի հետ։
Լա բոհեմ

Լա բոհեմ

2025-06-0216:59

Հիշողություններ, սեր, արվեստի ու երիտասարդ խենթության համադրություն։ Շառլ Ազնավուրի «La Bohème»-ը ստեղծագործություն է, որն իր մեջ կրում է մի ամբողջ սերնդի ապրածը, ձգտածն ու կորցրածը։Ազնավուրը գրել է այս երգը 1965 թվականին՝ ներկայացնելով իր երիտասարդ տարիները՝ սոված, բայց երջանիկ, աղքատ, բայց սիրով ու արվեստով լի։ «La Bohème»-ը ծնվել է բեմի համար, բայց մնացել է ժամանակի թելը բռնած՝ իր պարզ, անկեղծ պատմությամբ՝ մի նկարչի ու իր բնորդուհու սիրո մասին։«La Bohème»-ը ժամանակի հետ ոչ միայն չմարեց, այլ շարունակեց հնչել՝ նոր ձայներով, նոր բեմերում։ Շառլ Ազնավուրից հետո այս երգը կատարել են բազմաթիվ միջազգային աստղեր՝ յուրաքանչյուրը հաղորդելով իր սրտի հնչերանգը։ Միրեյ Մաթյեն՝ իր նրբագեղությամբ, Փլասիդո Դոմինգոն՝ օպերային հզորությամբ։ Իսկ վերջին տարիներին այն նորովի բացահայտեց ֆրանսիացի երգչուհի Zaz-ը՝ դուդուկի նվագակցությամբ հենց Երևանում՝ խորհրդանշական կերպով վերադարձնելով երգն իր արմատներին։Հայերեն տարբերակի հեղինակը և առաջին կատարողներից մեկը եղել է Պերճ Թյուրաբյանը՝ զգայուն ու տողատակեր պահած մատուցմամբ, որի ձայնով էլ երգը հայտնի դարձավ հայ լսարանին։ Ավելին՝ հենց Ազնավուրը լսել է թարգմանությունն ու հավանել այն։ Տարիներն անցնում են, բոհեմն ու բոհեմական շնչով լցված երգը շարունակում է մնալ ոչ միայն փարիզյան փողոցնորում, այլև բազում ժամանակակից արտիսների երգացանկում։Այս էպիզոդում երգխոսելու ենք Հայկ Պետրոսյանի և Արմեն Դոլինյանի հետ, որոնք նույնպես նոր կյանք են տվել այս երգին՝ և՛ հայերեն, և՛ ֆրանսերեն տարբերակներով։«La Bohème»-ը վաղուց դադարել է լինել միայն երգ։ Այն հիշողություն է՝ մի ամբողջ  սերնդի, ցավի, և երազանքների մասին, որ վերածվել է երաժշտության։
Ոչինչ չի մնա

Ոչինչ չի մնա

2025-05-2715:42

Երբեմն ստեղծվում են երգեր, որոք դառնում են ոչ թե պարզապես երաժշտություն, այլ ժամանակի, կարոտի ու ներսից հոսող լռության թարգմանիչ։ Այդպիսի մի երգ է՝ «Ոչինչ չի մնան»։Այս երգը ծնվել է Վարդան Զադոյանի բառերից, որոնք հնչեցին Հայկոյի զգացմունքային, ցավով ու անկեղծությամբ լի կատարմամբ։ Բայց դա միայն պահ չէր․ այս երգը ապրեց, վերապրեց և շարունակում է  իր ուղին մինչ այսօր։Ի սկզբանե այն պատմում է կորստի մասին։ Ոչ միայն մարդու կամ սիրո, այլև հավաքական էմոցիաների կորստի, այն պահի մասին, երբ նայում ես շուրջդ ու քո ներսում չես գտնում ոչ մի հենարան՝ բացի հիշողությունից։ Երգը քայլում է ցավի միջով՝ ընդունելով, որ երբեմն, իսկապես, ոչինչ չի մնում։Բացի սրտի խորքից հնչող բառերից ու երաժշտական մաքրությունից, երգը լայն հանրությանը ծանոթ դարձավ նաև նույնանուն՝ «Ոչինչ չի մնա» ֆիլմի շնորհիվ։ Երաժշտությունը դարձավ ֆիլմի առանցքներից մեկը՝ միախառնվելով հերոսների ապրումների, հարաբերությունների փլուզման ու վերագտնելու փորձերի հետ։ Այսօր՝ տարիներ անց, երգը հնչեցում է նոր ձայնով։ Այս էպիզոդում  Վարդան Զադոյանի՝ «Ոչինչ չի մնա» երգի խոսքերի հեղինակի և երգչուհի Կարինա Առուստամյանի հետ կերգխոսենք երգի ծննդի, դրա ճանապարհի, և նոր մեկնաբանության մասին։ Ինչու՞ են որոշ երգեր շարունակում ապրել, փոխվել, նորովի բաբախել՝ առանց կորցնելու իրենց էությունը։
Զուրփիչինէի աղջիկները կարմիր գուլպա են հագնում, մեզ տեսնելուն պես՝ փախչում անտառն ի վերև։ Բայց այդ փախուստը վախի նշան չէ, այլ խաղ, պար, աննկատ ժպիտ։ Այդ շարժման մեջ թաքնված է մի ամբողջ աշխարհ՝ լեզու, որով քչերն են  խոսում, երգ, որը քչերն են հիշում, և զգացում, որն անընդհատ փնտրում է նոր ձայն։«Զուրփիչինէ Ախչքէնին» երգը ծնվել է Սևծովյան լեռներում։ Այս երգը գրի առնված չի եղել, չի ունեցել հեղինակի ստորագրություն, փոխարենը այն շարունակել է ապրել՝ մոր հուշերից որդուն, հարսանեկան պարից՝ քարքարոտ արահետ։ Եվ երբ թվում էր, թե այդ մեղեդին կփակի իր վերջին ակորդը անցյալում, հայտնվեցին մարդիկ, որոնք որոշեցին ոչ թե վերարտադրել, այլ վերապրեցնել երգը։ Եվ հենց այդ վերապրումից են ծնվում նոր տարբերակները՝ մեկում՝ ռոքային ռիթմի մեջ հզոր վոկալով, մյուսում՝ ֆրանսիական հնչյունների շնչով։ Այդ տարբերակները ոչ թե փոխարինում են հինը, այլ ընդլայնում են դրա տարածքը՝ դարձնելով այն հասանելի նոր լսողներին։Այս Երգխոսությունը Սևադա Համբարչյանի՝ «Կաթիլ» խմբի մենակատարի և Գոռ Թադևոսյանի՝ «Ջինջ» խմբի համահեղինակի  հետ է։ Մենք կխոսենք ոչ միայն «Զուրփիչինէ Ախչքէնին» երգի մասին, այլև՝ այն տարածության, հիշողության ու զգացողության, որը ծավալվում է այդ երգի մեջ։ Ինչպես է հնարավոր հնին տալ նոր երանգ՝ առանց խզելու կապը արմատի հետ։ Ինչու են համշենական երգերն այսօր էլ ավելի արդիական դառնում, և ինչպես է կարմիր գուլպայի մասին հին մեղեդին դառնում նոր հաղորդագրություն։
Ախ տնավեր

Ախ տնավեր

2025-05-0615:51

Պահպանված այս տարբերակը՝ Ավագ Սահակյանի, Արագածոտնի մարզ, գյուղ Ներքին ԲազմաբերդԵրբ երգը ծնվում է հողի վրա՝ ոչ թե բեմի, այլ դաշտի, ոչ թե ստուդիայի, այլ ճախրանքում, այն այլ բան է պատմում իր լսողին։ Դրանք այն երգերն են, որոնք գրչով չեն գրվել, այլ՝ հիշողությամբ, հնչել են՝ առանց ձայնային էֆեկտների, բայց ուժով, խորությամբ, ցավով ու հույսով։ Այդ երգերը «հողին կպած» են՝ բառի ամենախոր իմաստով։Այս էպիզոդում խոսում ենք հենց այդպիսի երգերից մեկի՝ «Ախ տնավեր»-ի մասին։ Երգ, որ միաժամանակ անձնական է և հավաքական, հայրենասիրական ու անձի տրտմանքի մասին, կարոտի, սպասման ու կորստի։ Մենք փորձելու ենք բացահայտել՝ ինչու է այս երգը այսօր նորից մեզ գտել, ինչու ենք ուզում այն կրկին երգել ու լսել, ու ինչու է կարևոր՝ չմոռանալ այս մեղեդիները։Սաղսարա նախագծի հեղինակները շրջել են գյուղից գյուղ, դռնեդուռ՝ հավաքագրելով հին հայկական ժողովրդական երգեր։ Նրանք ձայնագրել են մարդկանց, ում հիշողությունը ավելի հարուստ է, քան ցանկացած արխիվ և հատոր։ Նրանց շնորհիվ այնպիսի երգեր, ինչպիսին «Ախ տնավեր»-ն է, նորից հնչում են՝ վավերագրական ճշգրտությամբ, բայց նաև արվեստի կենդանի շնչով։Այս երգխոսությունը Սաղսարա նախագծի պրոդիուսեր Անուշ Քոչարյանի և երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ է։
Բնության շունչը, կարոտի նուրբ թրթիռը, սարերով դարդերին դարման գտնելը և հոգու խոնարհ սպասումը՝ մի երգի մեջ։ «Հով արեք, սարեր ջան» ստեղծագործությունը հայ երաժշտական ժառանգության մեջ առանձնանում է որպես առաջին գեղջկական երգերից մեկը, որը գրի է առել Կոմիտասը։ Երգը մարդու և բնության ներհյուսված պատմություն է՝ քամու պես մեղմ և ազատ։Այս երգխոսությունը մեզ տանում է սարեր, որ հով անեն, մեր դարդին դարման անեն։ «Կամար» երգչախմբի խմբավար Անահիտ Պապայանը պատմում է Մակար Եկմալյանի մշակման մասին։ Ինչպես են հնագույն մեղեդիներն այսօր վերապրում նոր ձայների բազմաձայնությամբ, և ինչու է այս երգը շարունակում  գրավել թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների սրտերը։ Էթերի Հովհաննիսյանը՝ նորաստեղծ «Կարա լինի» խմբի քանոնահարն ու երգչուհին, իր խմբի հետ ներկայացրել է այս երգի միաձուլումը ժամանակակից երաժշտության հետ։ Ինչպես են համադրվում հազարամյակների մեղեդիները և մերօրյա ռիթմերը, ու արդյո՞ք սա երգի իրական տարբերակի կորուստ է, թե՝ բացահայտում նոր սերնդի համար։ Քամանչահար Աշ Ղազարը  «Հով արեք, սարեր ջան»-ը կատարել է իմպրովիզացիոն լայվ ձևով՝ բացահայտելով մարդու և բնության աշխարհը երգի միջոցով։ Երգի բառերն ինքնին պատկերասրահ են, որում լեռները, քամին ու սրտի խռովքը խառնվում են իրար՝ ստեղծելով անջնջելի պատկերներ։ Այս Էպիզոդում կպատմենք  ոչ միայն երգի պատմությունը, այլև նրա ներկան․ ինչպես ենք մենք այսօր լսում ու հասկանում այն, ինչպես են երգը կատարել գյուղական լեռնահովտում՝ դարեր առաջ, արդյո՞ք այս երգը դեռ կարող է դառնալ մեր ներքին երգխոսության մի մասնիկ։
Կիլիկիա

Կիլիկիա

2025-04-0722:52

Յուրաքանչյուր ժողովրդի հոգևոր ժառանգության մեջ կան երգեր, որոնք դարերի միջով անցնելով՝ մնում են նույնքան արժեքավոր, որքան ստեղծման պահին: Նահապետ Ռուսինյանի «Կիլիկիա» երգը հենց այդպիսի ստեղծագործություն է, որ 19-րդ դարից մինչև այսօր շարունակում է խորը հուզել հայի սիրտը: Երգը անբաժան կարոտի, կորստի, բայց և անկոտրում հոգու պատմությունն է: Կիլիկիան միայն երբեմնի աշխարհագրական տարածք չի եղել, այն եղել է մի մոլորված դրախտ, որին ձգտել են հայոց սերունդները, մի տարածություն, որտեղ ձևավորվել է հայկական մշակույթը, պետականությունը, կյանքը: Հենց այս երազային, բայց ցավոտ զգացմունքն է, որ դարձնում է «Կիլիկիա»-ն ոչ միայն երգ, այլև հուշարձան՝ հայ երաժշտական մշակույթում: Յուրաքանչյուր կատարող դրան տվել է իր յուրահատուկ շունչը, ձևավորելով նոր դարաշրջան «Կիլիկիա»-ի համար:90-ականների վերջերին Զարուհի Բաբայանի կատարմամբ երգը ստացավ հոգեպարար, աղոթքի նմանվող նրբություն, մինչդեռ Արա Գևորգյանի մշակմամբ այն վերափոխվեց էպիկական, սիմֆոնիկ ստեղծագործություն՝ հագեցած նվագախմբային հնչողությամբ: The Beautified Project-ի ռոքային մոտեցումը երգին հաղորդեց նոր ուժ ու ժամանակակից զգացողություն: Այս Երգխոսությունը Զարուհի Բաբայանի, Արա Գևորգյանի և The Beautified Project-ի հիմնադիր Անդրե Սիմոնյանի հետ է, հասկանալու ենք, թե ինչպես են նրանք յուրովի մեկնաբանել այս ստեղծագործությունն ու ինչու է այն մինչ այսօր պահպանում իր տեղը յուրաքանչյուր հայի հոգում:
Սիրո հասակ

Սիրո հասակ

2025-03-0116:05

Սիրո հասակ երգը գրել է Ալեքսանդր Աճեմյանը 1980-ականներին։ Այն առաջին անգամ կատարել է Գեորգի Միասյանը հեղինակի որդու՝ Վարդան Աճեմյանի հարսանիքին։ Երգն իր պարզ խոսքերով, բայց վառ լիցքերով դարձավ երիտասարդների սիրո խորհրդանիշ՝ լի հույսով և քնքշությամբ։ Այն գեղեցիկ կերպով պատմում է զգացմուների մասին, որ ապրում էին երիտասարդների սրտերը՝ գարնան բացվելուն պես։Երգի ձայնագրմանը մասնակցած առաջին երաժիշտներից է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, ով, ի դեպ, նպաստել է երգի ինքնատիպ հնչողության ձևավորմանը։ Երգը շատ արագ հանրաճանաչություն ձեռք բերեց՝ դառնալով սիրելի մեղեդի շատ ունկնդիրների համար, որոնք տողերի և նոտաների արանքում գտան իրենց սիրային պատմությունների նկարագրությունները: Այնուամենայնիվ, եթե երգը մնար բացառապես 80-ականներում, տխուր կլիներ, և կդառնար միայն անցյալի նոստալգիկ մասնիկ: Բարեբախտաբար, սիրո թեման հավերժական է, այն էլ գարնանն արթնացող սիրո։«Սիրո հասակը» ներկայացվել և վերաիմաստավորվել է տարբեր արտիստների կողմից, յուրաքանչյուրն իր տարբերակով տվել է երգին նոր գույներ։ Արամ MP3-ն թարմ, ժամանակակից շունչ հաղորդեց երգին՝ պահպանելով դրա խորը զգացմունքային և նոստալգիկ տրամադրությունը: Fairwind ռոք խումբը նույնպես ներկայացրեց երգը՝ այն մենկաբանելով իրենց բնորոշ ձայնով և էներգիայով: Նրանց տարբերակը կրում էր ավելի դինամիկ, գրեթե ըմբոստ ոգի, որն արտացոլում էր մեր օրերում սիրո արտահայտման մեկ այլ տարբերակ: Այժմ, տարիներ անց, երգը շարունակում է իր ճանապարհը՝ կապելով միմյանց սերունդներն ու երաժշտական ​​ոճերը։ Այս Երգխոսությունը Արամ MP3-ի, Fairwind խմբի թմբկահար  Տիգրան Խաչատրյանի և Երվանդ Երզնկյանի հետ է։ Միասին կլսենք և կապրենք սիրո տարբեր հասակները։ 
loading
Comments