DiscoverԳիտության շուրջ
Գիտության շուրջ
Claim Ownership

Գիտության շուրջ

Author: Տիգրան Գրիգորյան

Subscribed: 5Played: 9
Share

Description

Ի՞նչ ուղենիշներով է զարգանում աշխարհը, ի՞նչ է փնտրում մարդն արդիության մեջ, ու՞ր է հասել ժամանակակից գիտությունը և որքանո՞վ է այն կապված քո կյանքին։ Այս հարցերի պատասխանները կտա «Գիտության շուրջ» փոդքասթը։ Մենք խոսում ենք բարդ բաների մասին պարզ լեզվով։ Ամեն չորեքշաբթի՝ 21։30-ին, կօգնենք քեզ մոտենալ գիտությանը և վայելել ինտելեկտուալ հաճույք։
25 Episodes
Reverse
Էնոլոգիան գինու մասին գիտությունն է․ տերմինը ծագել է οἶνος – գինի բառից ու վերաբերում է խաղողագործությանը և գինեգործությանը վերաբերող բոլոր հիմնարար խնդիրներին։ Այն առչվում է ինչպես նյութագիտությանը, օդերևութաբանությանը, բուսաբանությանը, այնպես էլ՝ տակառագործությանը, շուկայագիտությանը, առևտրին և համտեսի արվեստին։ Էնոլոգները զբաղվում են գինու վերլուծությամբ ՝ գերազանցապես հիմնվելով գիտական և զգայական բնութագրերի վրա: Այս ոլորտում շատ գինեգործներ ունեն առաջադեմ աստիճաններ քիմիայի, մանրէաբանության, կենսաբանության, սննդաբանության կամ դրանց առնչվող օժանդակ գիտաճյուղերում: Գինու փորձագետ, էնոլոգ Ամալյա Իսկանդարյանը խոսել է գինու ստեղծման, Հայաստանում խաղողագրծությանը վերաբերող հարցերի մասին՝ անդրդառնալով նաև հայկական գինեգործության ավանդույթներին ու ժամանակակից դրսևորումներին։
Հեքիաթները բանահյուսական ստեղծագործություններ են, որոնք աչքի են ընկնում խայտաբղետ սյուժեներով, չափազանցություններով ու հրաշապատում տարրերով։ Դրանք հիմնականում ներկայացնում են չարի և բարու աննահանջ պայքարը և հերոսների, որոնք հանդես են գալիս ամենատարբեր հատկանիշներով։ Այս ստեղծագործություններում կարելի է հանդիպել ֆանտաստիկ էակների, ոգիների և առասպելական արարածների, որոնք ուղեկցում են հեքիաթների հերոսներին՝ պայմանավորելով պատումների հարստությունն ու իմացաբանությունը։ Թարգմանիչ և հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանն իր խոսքում անդրադարձել է հրաշապատում հեքիթների պոետիկային, դրանց կառուցվածքին և գեղագիտությանը, առանձնացնելով նաև պատումների լեզվին առնչվող խնդիրները։
Բիոէթիկա եզրույթը (հունարենից bios նշանակում է կյանք, իսկ ethos  վարքագիծ) առաջին անգամ ներմուծվել է գիտություն 1926 թվականին Ֆրինց Յարիի կողմից իր բիոէթիկայի խնդրին նվիրված հոդվածով, որը վերաբերում էր գիտական փորձերի ժամանակ կենդանիների և բույսերի օգտագործմանը։ 1970 թվականին ամերիկացի բիոքիմիկոս Վան Ռենսելաեր Պոտերը օգտագործեց այս եզրը նկարագրելու համար բիոմթնոլորտի և բնակչության թվի աճի միջև եղած կապը։ Պոտերի աշխատությունը հիմք դրեց գլոբալ էթիկայի սկզբնավորմանը, որը գիտություն է կենսաբանության, էկոլոգիայի, բժշկության և մարդկային արժեքների միջև եղած փոխհարաբերությունների մասին։ Բժիշկ – սրտաբան Անի Խալաֆյանն իր խոսքում անդրադարձել է բիոէթիկայի հարցին, ներկայացնելով նաև պացիենտակենտրոնության հիմնմախնդիրը արդի բժշկության մեջ։
Միջնադարյան Իրանի գրականությունը և մասնավորպես Խայյամի բանաստեղծական արվեստը գիտնականների բնորոշմամբ հանդիսանում է համաշխարհային պատմության մեծագույն նվաճումներից մեկը։ Նրա գրվածքներն աչքի են ընկնում յուրօրինակ ոճով, սեղմ կառուցվածքով և բովանդակային խորությամբ, որոնք արատացոլում են իրանական մշակույթի բազմագույն ներկապնակը։ Իրանակագետ Գառնիկ Գևորգյանն իր խոսքում ներկայացրել է Օմար Խայյամի բանաստեղծական ժառանգությունը՝ անդրդառնալով 10–րդ դարի Իրանի պատմությանը, մտածողությանը և կրոնական հոսանքներին։
«Միլլեթ» արաբերեն բառ է, որը նշանակում է ազգություն, սակայն Օսմանյան կայսրության տարածքում այն մատնանշում էր մարդու դավանական և ազգային պատկանելությունը, մասնավորապես՝ ոչ մուսուլման լինելը։ Պետոթյան վարչական համակարգը բաղկացած էր երկու հիմնական բաժանումներից՝ տարածքային և դավանական: Ըստ այդմ հասրակությանը բաժանվում էր ոչ թե ըստ էթնո-լեզվական, այլ՝ կրոնական պատկանելության: Օսմանյան կայսրության ոչ մուսուլման բնակչությունը, որը, համաձայն « Թահրիր դեֆթերիի » (Աշխարհագիր մատյաններ) փաստաթղթերի, մոտ 16 րդ դարի կեսերին կազմում էր բնակչության 40 %-ը, բաժանված էր կրոնական երեք միլլեթների՝ հույն ուղղափառ, հայ առաքելական և հրեա։ Արաբագետ Վեներա Մակարյանը ներկայացրել է «Միլլեթ» – ի ինստիտուտի կառուցվածքը և նշամակությունը Օսմանյան պետության մեջ, անդրադառնալով նաև Կոստանդուպոլսի հայոց պատրիարքությաը և նրա պատմական դերին։
20 - րդ դարի մտածողության սահմանում ուշագրավ էր մասկուլիզմի և ֆեմինիզմի խնդիրը` կանանց և տղամարդկանց  սոցիալականացմանը վերաբերող այն քննարկումները, որոնք,  ենթարկվելով բազմաթիվ շահարկումների, վերաճեցին հասարակական շարժումների։ Արմատական հոսանքների բախումն ի վերջո կազմավորեց երկու հոգեբական և փիլիսոփայական ուղղություններ, որոնք արագորեն ներթափանցեցին մշակույթ և արվեստ. մասկուլինությունը, որի առանցքում տղամարդկանց իրավունքներն էին, արտացոլվեց նախ հետպատերազմյան արվեստում, իսկ ֆեմինիզմը` առավելապես արևմտյան աշխարհի հասարակական և քաղաքական կյանքում։  Մշակութաբան Հրայր Խաչատրյան անդրադարձել է ֆեմինիզմի և մասկուլինության հիմնախնդիրներին` նշելով եվրոպական մշակույթում  տղամարդկանց և կանանց դերերի վերարժևորումը։
Քրիստոնեական վարդապետության համաձայն՝ աղոթքի ժամանակ աղոթողի ներշնչման աղբյուրը, ուսուցիչն ու օգնականը Սուրբ Հոգին է․ «Նույնպես և Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին, որովհետև մենք աղոթում ենք» (Հռոմ. Ը 26)։ Աղոթքը ընդգծում է հավատցյալի և Աստծո կապը՝ ցույց տալով կատարելության հասնելու ուղին։ Համաձայն արևելաքրիստոնեական և Հայ եկեղեցու ավանդության՝ աղոթելու ժամանակ դեպի արևելք են դառնում։ Արևելքը հոգևոր և կրոնական իմաստաբանությամբ խորհրդանշում է արդարության ծնունդը և Աստծո տաճարի հաստատման վայրը։ Գրականագետ Անուշ Ապրեսյանն իր խոսքում անդրադարձել է աղոթքի նշանակությանը, բացատրել այս հարցին նվիրված եկեղեցու հայերերի մեկնությունները և Գրիգոր Նարեկացու աղոթամատյանի դերը քրիստոնեության մեջ։
Խորհրդային կայսրության փլուզումից հետո ռուսական մշակույթը և հատկապես գրականությունը հայտնվեց մի տեղապտույտում, որից սկսեցին ելքեր որոնել նորարար և տաղանդավոր բազմաթիվ հեղինակներ։ Փակ սահմանների, պաշտոնական քարոզչության, գրաքաննության, ազատ աշխարհի մերժման ետնախորքում այս գրողները սկսեցին քննել պատմությունն ու հետսովետական մարդուն։ Սակայն պետք է ասել, որ գրականության և քաղաքականության երկխոսությունն այսօր էլ չի կորցնում իր արդիությունը` չնայած խորհրդային անցյալի ընդհանրական մերժմանը։ Վիկտոր Պելևինն այս դարաշրջանը վերարթնացնող հեղինակներից է, որի սուր գրիչն ու յուրօրինակ լեզուն քննում են անցյալի և ներկայի հակասական խմորումները։  Գրականագետ Ալեքսանդրա Ավագյանն իր խոսքում ներկայացրել է Վիկոր Պելևինի ստեղծագործությունները և ռուս ժամանակակից գրականության խնդիրները։
Ջազի պատմությունը հարուստ է փառավոր էջերով, որոնց թվում առավել նշանակալի են 20–րդ դարի առաջին կեսի զարգացումները։ 1940–ականները երաժշտության պատմության մեջ հայտնի են սվինգի, մեղեդային ջազի հաղթարշավով, դասական թեմաների թարմ մշակումներով և կատարողական նորարարություններով։ Այս դարաշրջանը բնութագրող կարևոր նորամուծություններից էր նաև ռասսայական խտրականությունը մերժող «բի բոպը»։ Ջազային այս նոր ժանրը աչքի էր ընկնում կոմպոզիցիոն բարդությամբ և նրա ողջ հակադրությունը ջազի՝ որպես փոփ արթի մերժումն էր։ «Բի Բոպը» պատերազմող Ամերիկայի խորհրդանիշը դարձավ՝ պահպանելով իր առաջադիմական ոգին մինչև Մարտին Լյութեր Քինգի սևամորթների իրավունքների համար մղվող պայքարում տարած իրական հաղթանակը։  Ջազի տեսաբան Ռիմա Տիգրանյանը խոսել է «բի բոպի» դարշրջանի մասին, ներկայացրել դրա արձագանքներն ամերիկյան արվեստում և գրականության մեջ։ 
Քրդական հարցը համընկնում է Օսմանյան կայսրության պատմության թերևս ամենաբարդ ժամանակաշրջանի հետ։ Առաջին աշխարհամարտում կրած ձախողումները, քաղաքական համակարգի աղճատումը և միջէթնիկական խնդիրներն ի վերջո ծնունդ տվեցին ենթակա ժողովուրդների ապստամբություններին։  Քրդերը ևս միացան այս համընդհանուր շարժմանը և սկսեցին իրենց ազատագրական պայքարը Մերձավոր Արևելքում։ Այս խնդիրն իր ավելի քան հարյուրամյա գոյության ընթացքում բազմաթիվ շահարկումների առարկա է դարձել ի վերջո վերածվելով ռազմական հակամարտության։ Պատմաբան Գոռ Երանյանը ներկայցրել է Քրդական հարցը, լուսաբանելով դրա զարգացման քաղաքական, սոցիալական և մշակութային հիմքերը։
Բիենալեների ձևաչափը համեմատաբար նոր երևույթ է արվեստի ներկայացման բնագավառում և լայնորեն կիրառվում է թե՛ Եվրոպայում և թե՛ ԱՄՆ-ում։ Դրանք ժամանակակից արվեստին նվիրված բազմաֆունկցիոնալ միջոցառումներ են։ Այդ փառատոները հանդիսանում են ինտերակտիվ համագործակցության հարթակներ և ներառում են ամենատարբեր ուղղվածության ցուցասրահներ, թանգարաններ, արվեստանոցներ եւ ինստիտուտներ։ Ինչ վերաբերում է բիենալեներում ցուցադրվող բուն արվեստին, ապա այն ևս չափազանց տարբեր է ու բազմաժանր՝ հաստոցային գեղանկարից մինչև ինստալյացիաներ, վիդեոարտից մինչև նորագույն տեխնոլոգիական գերզգայական մշակումներ։ Արվեստաբան, համադրող Սոնա Հարությունյանը խոսել է Երևանյան տպագրության միջազգային բիենալեի մասին, ներկայացրել արվեստի ցուցադրման և հանրահռչակման այս ձևաչափ։
Քաղաքական լրագրությունը մշտապես հանդիսացել է հասարակական զարգացումների լոկոմոտիվը, որի խնդիրը պետական ինստիտուտների գործնեության լուսաբանումն է։ Որպես կանոն պետությունների քաղաքական համակարգում մամուլին մեծ դեր է վերապահվել։ Այն ոչ միայն տեղեկության վերլուծության և փոխանցման գործառույթ ունի, այլ նաև հասարակության շերտերի միջև երկխոսություն ձևավորելու գլխավոր գործոններից է։ Քաղաքական լրագրությունն այժմ էլ վճռական դեր ունի ժողովրդավարական գործընթացներում։ Լրագրող Կարլեն Ասլանյանը խոսել է քաղաքական ժուռնալիստիկայի մասին, անդրդարձել ոլորտի հիմնախնդիրներին, էթիկայի և կրթության հարցերին։
Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանը անտիկ Արևելքի մեծագույն ստեղծագործություններից է։ Այն հայտնաբերվել է պատմական Բարձր Հայքի Երիզա ավանի մոտակայքում (այժմ Թուրքիայի տարածքում) և 19–րդ դարի վերջին տեղափոխվել է Լոնդոն` տեղ գտնելով արվեստների թագավորական հավաքածուում։ Դիցուհին ավանդաբար ասոցացվել է հելլենական պաթեոնի Արտեմիս աստվածուհու հետ և համարվել մայրության, որսի, լուսնի և պտղաբերության մարմնավորումը։ Սակայն այս ընկալումներով հանդերձ Հայաստանում դիցուհու ուժը և համբավը ավելին էր քան Արտեմիսի պաշտամունքը։ Այս հեղինակությունը պայմանավորված էր նախ և առաջ նրանով, որ Անահիտը կրակի աստծո՝ Ահուրա Մազդայի հետ խորհրդանշում էր կյանքի ծնունդը և երկրի ընդերքից բխող կենարար աղբյուրները։ Արվեստի պատմաբան Նազենի Ղարիբյանը ներկայացրել է Անահիտ աստվածուհու պաշտամունքը Հին Հայաստանում և Առաջավոր Ասիայում` անդրադառնալով դրա պատմական և միջմշակութային նշանակությանը։
Հողի ճարտարապետությունը մարդկության կարևորագույն ձեռքբերումներից է։ Այն հանդիսանում է քաղաքակրթության զարգացման ուշագրավ ցուցիչ, որը ներառել է Հին Աշխարհի մեզ հայտնի գրեթե բոլոր տարածաշրջանները։ Սակայն հողի ճարատարապետությունը, որպես կյանքի բաղկացուցիչ մաս, վերաբերում է ոչ միայն կառուցողական արվեստին, այլ նաև մարդու մշակութային գործնեության մյուս ոլորտներին։ Այսպիսով հողաշեն մշակույթի տասնյակ հուշարձաններ են պահպանվել ինչպես Հին Աշխարհի քաղաքակրթություններից, այնպես էլ միջնադարից և նոր ժամանակներից։ Այժմ էլ հողի ճարտապետությունը շարունակում է պահպանել իր նշանակալի դերը և հանդիսանում է էկոմիջավայրի պահպանության առանցքային գործոն։ Հնագետ Համազասպ Աբրահամյանը խոսել է հողի մշակույթի և ճարտարապետության մասին՝ ներկայացնելով նաև ժամանակակից հնագիտության խնդիրները։
Հարահունչ պատարագը միջնադարյան Եվրոպայում ծնունդ առած յուրօրինակ ծես էր, որի հիմքում ընկած էր հոգու փրկության գաղափարը։ Այն պատվիրվող հոգեհանգստյան կարգ էր և տարբերվում էր բուն պատարագից նրանով, որ ծեսն ընթանում էր անընդհատ սաղմոսերգությամբ և կարող էր անգամ տարիներ տևել։ Այս ծեսի միջոցով արքունիքն ու ազնվականները ընդգծում էին իրենց հավատը երկնային արքայության հանդեպ և ըստ էության փորձում էին հսկայական նյութական միջոցներով քավել իրենց աշխարհիկ մեղքերը։ Սա ինչ – որ առումով նման էր ինդուլգենցիային, որի միջոցով կաթոլիկ հայրերը փրկում էին մեղավորների հոգիները։ Այս երևույթները, սակայն,  հանգեցրին  քրիստոնեկան արժեքների թյուրըմբռնմանը և եկեղեցու ազդեցության անվերահսկելի աճին, ինչը ծնունդ տվեց Լյութերյան բողոքականությանը։ Անգլիայի թագավոր Հենրի 8–րդն արդեն ստիպված էր վերացնել հարահունչ պատարգների ավանդույթը, որը սպառնում էր պետական իշխանությանը։   Երաժշտագետ Արաքս Շահինյանը ներկայացրել է հարահունչ պատարագների ավանդույթը՝ բացատրելով ծեսի պատմական, հասարակական և գեղարվեստական համատեքստը։ 
Կոմունիզմ բառը ծագել է կոմունա (համայնք) բառից և վերջնական ձևակերպում ստացել միայն 1848 թվականի Մարքսի հռչակագրով։ Այն առանց դասակարգերի հասարակություն ստեղծելու՝ համայնականության գաղափարի խտացումն էր, որի առանցքային ուղղություններից էին մարքսիզմը, անարխիզմը հետագայում նաև լենինիզմը և անձի պաշտամունքի վրա հիմնված ստալինիզմը։ Կոմունիստները մերժում էին կրոնի գոյությունը և համարվում առաջադիմական շարժում, որի գլխավոր նպատակներից մեկը հասարակության ստեղծած արժեքների և բարիքների հավասար բաշխումն էր։ Պատմաբան Համո Սուքիասյանը ներկայացրել է կոմունիզմի գաղափարը, անդրադարձել դրա քաղաքական դրսևորուններին և Խորհրդային Միության ձևավորման հիմնահարցերին։
Համաշխարհային գրականության մեջ կենսագրավեպերը հայնտնի են դեռևս վաղնջական ժամանակներից։ Գրական այս ժանրը մեծ ազդեցություն է ունեցել պատմական կերպարների և նրանց դերի վերաարժևորման համար։ Այն միտված է լուսաբանել ոչ միայն մարդկանց ճակատագրերը, այլ նաև վավերագրական փաստերի հիման վրա ներկայացնել դարաշրջանի ոգին և անցքերը։ Կենսագրավեպի խոշոր վարպետներ են եղել Ստենդալը, Մանֆրեդը, Վիկտոր Հյուգոն, Մորիս Դրյուոնը, որոնց երկերում արթնացել են անհայտության շղարշով պատված մեծագույն անհատների ճակատագրերը։ Լեզվաբան, խմբագիր Արմեն Սարգսյանը ներկայացրել է կենսագրավեպի ժանրը և անդրադարձել այն գեղարվեստական միտումներին, որոնք տարծված են գրականության այս ոլորտում։
1909 թվականին Ֆիլիպպո Մարինետտին հեղափոխեց համաշխարհային արվեստն իր նշանավոր Ֆուտուրիզմի մանիֆեստով։ Այն հռչակում էր նոր դարաշրջանի ծնունդը, որի հայացքն ուղղված էր դեպի ապագան, և որն անշրջելի հերքում էր անցյալի արվեստի ավանդներին վերադառնալու բոլոր միտումները։ Ֆուտուրիստները փառաբանում էին ապագան և փորձում էին կյանքի կոչել առաջին հայացքից տարօրինակ և պոպուլիստական թվացող անհավանական ձեռնարկներ։ Այս տեսանկյունից հետաքրքրական է Ֆուտուրիզմի արձագանքը նաև հայ իրականության մեջ։ Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը ներկայացրել է ֆուտուրիզմը և անդրդարձել այն գրական ու գեղարվեստական շարժումներին, որոնք տարածված էին 20–րդ դարի Եվրոպայում և Խորհրդային կայսրության սահմաններում։
Սրբախոսական գրականությունը հսկայական ազդեցություն է ունեցել քրիստոնեության ձևավորման և տարածման գործում։ Այն ջատագովական ոգով գրված բնագրերի ամբողջություն է, որը ներառում է վարքաբանությունը, վկայաբանությունը, սրբերի մասունքներին վերաբերող բանահյուսական նյութը և այլն։ Ժամանակակից պատմագիտության տեսանկյունից սրբախոսական ժանրը մեծ հետաքրքրություն է առաջացնում, և այժմ խիստ արդիական են այս թեմայով կատարվող հետազոտությունները։ Դրանք նպաստում են պատմության, գրականության հարցերի լուսաբանմանը և տարատեսակ խնդիրների վերհանմանը։ Պատմաբան Շավարշ Ազատյանը ներկայացրել է սրբախոսության գրական ժանրը և դրա առնչությունները միջնադարի պատմության հետ, քննարկել նաև առօրեականության պատմությանը վերաբերող հետաքրքրաշաժ հարցեր։
«Լուսավորականությունը» 17-րդ դարում սկիզբ առած սոցիալ-գաղափարական շարժում էր, որն ըստ էության ազդարարում էր միջնադարի ավարտը, կաթոլիկ եկեղեցու նահանջը և գիտության վերելքը Արևմուտքում։ Այն մի կողմից հանում էր մարդուն «անչափահասության» վիճակից, բարձրացնում անհատի դերը, իսկ մյուս կողմից, ինչպես նշում է Թեոդոր Ադորնոն. «ձգտում էր կործանել առասպելները և երևակայությունը գիտելիքի միջոցով»։ Լուսավորականությունը նաև հսկայական ազդեցություն է ունեցել հայկական միջավայրում՝ նպաստելով հասարակական շարժումների առաջացմանը, գրական-գեղարվեստական նոր միտումների և մամուլի զարգացմանը։  Փիլիսոփայության հետոզոտող Զավեն Տոնոյանը պատմել է լուսավորականության մասին և  ներկայացրել դրա ազդեցությունը 19-րդ դարի արևելահայ իրականության մեջ։
loading
Comments 
Download from Google Play
Download from App Store